ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Շատերը վատթարի ու վատի միջև ընտրություն պիտի կատարեն»

«Շատերը վատթարի ու վատի միջև ընտրություն պիտի կատարեն»
14.07.2009 | 00:00

«ՏՈՒՆԴԱՐՁ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ
-Միգրացիայի ոլորտում գործող օրենսդրությունը բավարար համարո՞ւմ եք ոլորտի կառավարման համար:
-Իհարկե` ոչ: Կան միգրանտների առանձին կատեգորիաներ, որոնց խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ են օրենսդրական ակտեր, որոնք, ցավոք, դեռևս ընդունված չեն: Անցած տարիների ընթացքում որոշակի տեղաշարժ, իհարկե, եղել է: Խոսքն ապաստան հայցողների մասին է, այն մարդկանց, որոնք Հայաստանի իշխանություններից պաշտպանություն են խնդրում` իրենց երկրներում հալածանքի վտանգի պատճառով: Այդ բնագավառը բավականին զարգացած է` և՛ օրենսդրությունը կա, և՛ համապատասխան կառույցները կան, և՛ արհեստավարժ անձնակազմ կա, բայց այլ կատեգորիաների միգրանտների հարցերը դեռ կանոնակարգող օրենսդրություն չկա:
-Նկատի ունեք աշխատանքայի՞ն միգրանտներին:
-Այո, աշխատանքային միգրացիան կանոնակարգող օրենսդրական դաշտը դեռևս ձևավորված չէ: Բացի այդ, օրենսդրորեն կարգավորված չեն նաև Հայաստանից մեր քաղաքացիների ելքի և մուտքի իրավահարաբերությունները, մասնավորապես, ի՞նչ փաստաթղթերով պիտի սահմանահատումը կատարվի առանձին կատեգորիաների դեպքում` երեխաների, անգործունակ քաղաքացիների... Բազմիցս մեր քաղաքացիներն առնչվում են այս հարցերին, և եթե դրանք օրենսդրորեն կարգավորված չեն, շատ լավ հնարավորություն է ստեղծվում տարբեր տեսակի մեկնաբանությունների համար, որոնք, որպես կանոն, ավելի շատ բխում են մեկնաբանողի շահերից և ոչ թե սահմանահատում կատարողի: Կամ` արդյոք հնարավո՞ր է ժամանակավորապես արգելափակել անձի ելքը Հայաստանից, ի՞նչ հիմքերի առկայությամբ: Առնվազն օրենքի մակարդակով սահմանվող հիմքեր են պետք, մինչև հիմա այդ օրենքը չունենք:
-Միջազգային փորձը Հայաստանի համար օգտակար չի՞ կարող լինել:
-Իհարկե, կարող է: Նախ հասկանանք, թե աշխատանքային միգրացիայի գործընթացի ո՞ր մասը կարող է պետությունը կարգավորել օրենքներով, որոշումներով ու այլ նորմերով: Բազմաթիվ խնդիրներ` սկսած, որ մարդիկ դրսում անլեգալ են աշխատում, վերջացրած, որ հաճախ ընկնում են «հաջողակ» ձեռներեցների ցանցը, որոնք ոսկե սարեր են խոստանում, իրականում կանգնեցնելով կոտրած տաշտակի առջև: Մենք ամրագրել ենք այն հարցերը, որ պետությունը կարող է լուծել` առաջին, պայմաններ ստեղծվեն Հայաստանի ներսում, որը կկանխի երկրի ներսում քաղաքացուն խաբելը արտագնա աշխատանքային գործունեության անվան տակ: Պետությունը դա կարող է անել այդ գործունեությամբ զբաղվողների համար լիցենզավորման ինստիտուտ սահմանելով, որ ամեն մի ճարպիկ հռետոր դրանով չզբաղվի, այլ միայն նրանք, ովքեր մասնագիտական գիտելիքներ ունեն, գիտեն` ինչպես այդ գործն անել: Երկրորդ` լիազորված մարմին սահմանվի, որի պարտականությունն է քաղաքացիներին անվճար խորհրդատվություն տրամադրելը: Երրորդը` օրենքով սահմանվի, որ միջնորդ կազմակերպությունները, որոնք պիտի այդ գործունեությամբ զբաղվեն, գումարը գանձեն այն ժամանակ, երբ քաղաքացուն կտրամադրեն աշխատանքային պայմանագիր, որի մեջ աշխատանքի բնույթը, վարձատրության չափը, անձի տեղափոխությունը, ապահովությունն արձանագրված լինեն: Այդ քայլերով կարող ենք քաղաքացուն ավելի պաշտպանված դարձնել: Հաջորդ խնդիրը, որ կարող է և պետք է լուծի պետությունը, քաղաքացու համար աշխատանք ապահովելն է` ուսումնասիրելով աշխատաշուկան, պարզելով` ո՞ր երկրում, տնտեսության ո՞ր հատվածում կարող է աշխատատեղ առաջանալ, որ օր առաջ առաջարկի իր աշխատուժը. սա մրցակցային շուկա է: Եթե ուզում ես քո տեղն ունենալ, քո առաջարկը մրցակցիդ առաջարկը պետք է գերազանցի: Անհատ անձը սա չի կարող անել, սա միայն պետության գործառույթ է` իր ունեցած հնարավորությունների հաշվին` միջպետական հարաբերություններ, դիվանագետների աջակցություն... Այս երկու խնդիրը պետությունն ունակ է և պարտավոր է լուծել: Իհարկե, այլ խնդիրներ էլ կան, օրինակ` օգնել աղետալի վիճակում հայտնված միգրանտին, կամ նրա մահվան դեպքերում` որոշարկելով պետության, գործատուի, միգրանտի իրավունքներն ու պարտականությունները: Սրանք պահանջում են ֆինանսական մեծ միջոցներ և հետագայի խնդիր են: Արտագնա աշխատանքների կարգավորման մասին օրենքի նախագիծ ենք մշակել` հաշվի առնելով բոլոր այս խնդիրները: Կարծում եմ` ժամանակն է հստակ գիտակցելու, որ աշխատանքային միգրացիայի կառավարումն անհրաժեշտություն է և՛ պետության, և՛ միգրանտի համար ու աշխատանքային միգրացիայի ծավալների աճին չի նպաստի:
-Գուցե դրա համար համապատասխան քարոզչական աշխատա՞նք է պետք` գիտակցություն և պատկերացում ձևավորելու հասարակության բոլոր շերտերում:
-Հանրության իրազեկումը, այլ երկրների փորձն ու երևույթի կարգավորման կարևորությունը պիտի ներկայացվի և հասկացվի։ Գիտեք` շատերն ամեն ինչ պատկերացնում են դեռ նախկին խորհրդային դատողությունների շրջանակներում, երբ ամեն սեզոնին խոպանչիները գնում էին փող աշխատելու: Վաղուց այդ ժամանակներն անցել են: Բոլորովին այլ խնդիրներ կան հիմա: Երկրորդ կարևոր ոլորտը` երկու միլիոնից ավելի սահմանահատումներ են կատարվում, պատկերացրեք, 2 միլիոն մարդ գնում ու գալիս է, սա օրախնդիր հարց է, որ նաև մարդու իրավունքների հետ է առնչվում: Այս երկու հարցերը նաև կառավարության գործունեության ծրագրում են նշված, քաղաքական դիրքորոշումն էլ կա, որ պետք է օրենքի մակարդակով կարգավորվի: Մենք հիմա աշխատում ենք նոր փաստաթղթի վրա` բնակչության տեղաշարժերի կարգավորման հայեցակարգի, որը վերաբերում է պետության քայլերին: Այս պարագայում նախ պետք է սահմանել կարգավորում հասկացությունը. օրինակ, արգելափակոց ենք դնում` արգելելով ելումուտը. սա մի մոդել, կամ` բացում ենք լրիվ ու ասում` պետությունն անելիք չունի. սա մեկ այլ մոդել: Սահմանումը հենց կուղղորդի` ո՞ր հոսքերի վերաբերյալ ի՞նչ քայլեր պետք է արվեն: Երկիրը պետք է միասնական օղակից մշակված միգրացիոն քաղաքականություն ունենա, որը հավասարակշռված մոտեցում կապահովի և հետագայում իրականացվող քայլերն էլ մի օղակում կկենտրոնացնի: Միգրանտն առնչվում է տարբեր կառույցների հետ` սահմանապահներ, արտաքին գործերի նախարարություն, միգրացիոն գործակալություն... Արդյո՞ք ցաքուցրիվ, տարբեր նախարարությունների ու տեսչությունների միջև բաժանված ֆունկցիաները ճիշտ է այդպես շարունակել, թե՞ պետք է փորձել կենտրոնացնել: Մենք ուսումնասիրել ենք ավելի քան 40 երկրների փորձը, որի արդյունքում ի հայտ եկան բազում ընդհանրություններ. բոլոր միգրացիոն մարմիններում զբաղվում են` 1. օտարերկրացիների իրավական կարգավիճակի հարցերով, 2. օտարեկրացիներին քաղաքացիություն շնորհելու հարցերով, 3. օտարերկրացիների պաշտպանության համակարգով, 4. օտարերկրացիների աշխատանքային գործունեության թույլտվության տրամադրման հարցերով: Այսինքն` օտարերկրացիների հետ կապված բոլոր հարցերով մեկ կառույց է զբաղվում, և դա արդարացված է օպտիմալ կառավարման տեսանկյունից:
-Կարծում եմ` դա շահեկան է ոչ միայն երկրի, այլև տվյալ անհատի համար:
-Գուցե դրանով է պայմանավորված, որ բոլոր միգրացիոն կառույցներում 4 գործառնությունները միևնույն մարմինն է կատարում, իսկ մեզ մոտ` երեք տարբեր մարմիններ, ինչը ոչ որակին, ոչ արագությանը չի նպաստում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է որոշարկել ոլորտի բարեփոխումների ճիշտ շրջանակը:
-Գործակալությունը զբաղվո՞ւմ է ներգաղթին վերաբերող հարցերով:
-Ավելի ճիշտ կլինի ասել` Հայաստանից վերջին տարիներին մեկնած քաղաքացիների վերադարձի: Անցած տարի մի շատ հետաքրքիր ծրագիր սկսեցինք, որ կոչվում է «Տունդարձ կամ վերադարձ դեպի Հայաստան»: Մշակվել է ինտերնետային համակարգ, որը գործում է www.backtoarmenia.am/com հասցեում, և որը այցելուին հնարավորություն է տալիս իրեն հուզող հարցերի վերաբերյալ 4 մակարդակներով պատասխաններ ստանալ: Առաջին մակարդակում ոլորտին վերաբերող ամբողջ օրենսդրությունն է, երկրորդում` հարց ու պատասխանի տեսքով առանձին ոլորտների վերաբերյալ տեղեկատվությունն է, երրորդ մակարդակում` նախորդ մակարդակում իր հարցի պատասխանը չգտած քաղաքացին կարող է ձևակերպել իր հարցը և այն ուղղել համակարգին: Որպեսզի հարցերը պարզաբանվեն հավուր պատշաճի, ձևավորվել է սպասարկող կառույց, որի կենտրոնական բաղադրիչը միգրացիոն գործակալությունն է, ներառված են նաև 9 նախարարությունների ներկայացուցիչներ, որոնք նախապես ուսուցում են անցել:
-Ի՞նչ արագությամբ է հարցը պարզաբանվում:
-Նայած` ինչ բնույթի հարց է: Երբեմն հարցը մի քանի ենթահարցեր է պարունակում` վերաբերում է մի քանի նախարարությունների միաժամանակ, ճշտումների կարիք է ունենում, միջին շրջանառությունը` մինչև մեկ ամիս: Չորրորդ մակարդակը հնարավորություն է տալիս դիմողին` on-line ռեժիմով շփվելու փորձագետի հետ: Դրսում ապրողները սկզբից չէին վստահում մեր ծրագրին, հիմա այն արդեն շատ պահանջարկված ծառայություն է:
-Ընդհանրապես, ի՞նչ է պետք գործակալության արագ, ճշգրիտ ու արդյունավետ աշխատանքի համար:
-Շատ կարևոր է պետական վարչական կառույցների մեջ ունեցած կարգավիճակը, տեղը, դիրքը: Քառասուն երկրների փորձի ուսումնասիրությունը տարբեր կարգավիճակներ է ի հայտ բերել` հիմնականում տարբեր նախարարությունների համակարգում: Հարցի ուսումնասիրման համար վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները գործուղվեցին Լիտվա: Լիտվան ընտրվեց իբրև նախկին խորհրդային պետություն, որի միգրացիոն համակարգն այսօր ինտեգրված է ԵՄ ընդհանուր համակարգում, և անցած ճանապարհը շատ ուսանելի է: Մեր առաջարկներն արդեն ներկայացրել ենք կառավարություն, եթե ունենանք ճշգրիտ որոշված կարգավիճակով ու գործառույթներով կառույց, ճիշտ հունով կգնա նաև օրենսդրության հարցը: Մենք հանձնառություններ ունենք եվրահարևանության քաղաքականության շրջանակներում, որոնց կատարումն էլ ճիշտ ուղղությամբ կգնա: Միգրացիոն ոլորտը միջազգային համագործակցության շատ նախաձեռնությունների օրակարգերում է ամրագրված, արևելյան գործընկերության ծրագրում էլ ֆիքսված է մարդկանց տեղաշարժը և վիզաների հարցի դյուրացումը։
-Աշխատանքի որոնումներում Հայաստանից հեռացած մարդիկ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հարկադրված են լինում վերադառնալ, կա՞ն թվային տվյալներ` ինչքա՞ն մարդ է վերադարձել, և ի՞նչ է լինում հետո նրանց հետ:
-Թվային ճշգրիտ տվյալներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև ոչ մեկնելիս, ոչ վերադառնալիս որևէ նման հաշվառում չի կատարվում: Մենք ունենք տեղեկատվության այլ աղբյուրներ` սոցիոլոգիական հարցումներ, այլ աղբյուրներից տեղեկություններ: Մինչև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի լայն ծավալումը մենք հնարավոր զարգացումների գնահատումներ կատարեցինք` 1. տրանսֆերտների նվազում, 2. Հայաստանից մեկնող սեզոնային աշխատանքային միգրանտների հոսքի կրճատում, 3. երկարաժամկետ միգրանտների վերադարձ: Առաջին կանխատեսումը ճիշտ էր` տրանսֆերտները 2009-ի առաջին 5 ամսվա կտրվածքով 35 տոկոսով կրճատվել են, դա հսկայական թիվ է, որը բացասական ազդեցություն ունի մեր տնտեսության վրա: Սեզոնային աշխատանքային միգրանտները 60-70000 են, հիմնականում մեկնում են Ռուսաստան` շինարարության և առևտրի ոլորտներում աշխատելու: Մեր հաշվարկներով` այս տարի նրանց կեսը չէր մեկնելու Հայաստանից, և, փաստորեն, սահմանահատումների տվյալները չեն հակադրվում մեր կանխատեսումներին: Ճգնաժամից տուժող մյուս խումբը երկարաժամկետ միգրանտներն են, որոնք 2-3, մի մասն էլ 10-15 տարի ապրում են դրսում, հիմնականում` ՌԴ-ում: Բնական է, որ աշխատատեղերի կրճատումը կտարածվի նաև նրանց վրա, և շատերը վատթարի ու վատի միջև ընտրություն պիտի կատարեն: Այնուամենայնիվ, մեր ունեցած տվյալներով զանգվածային վերադարձի թվեր չեն գրանցվել սահմանահատումների առումով:
-Սփյուռքի նորաստեղծ նախարարության հետ կա՞ն շփման կետեր:
-Ըստ էության, սփյուռքը կայացած միգրացիա է, և այս առումով մենք ունենք ընդհանուր խնդիրներ: Մեր բոլոր մեծ նախաձեռնությունների ժամանակ մենք միմյանց իրազեկում ենք և հնարավորինս ապահովում համագործակցությունը:
-Շարունակո՞ւմ եք «Փինք ֆլոյդ» սիրել:
-Դա անդավաճան սեր է, որ տարիքի հետ չի փոխվում, ուղղակի ավելանում են նորերը:
-Ի՞նչ է ավելացել:
-Լեռնագնացության նկատմամբ մեծ սերը:
-Սար բարձրանալիս ի՞նչ եք երգում:
-Ամեն մարդ իր աղոթքն ունի:
-Հավատո՞ւմ եք, որ միտքը կարող է նյութական լինել:
-Աղոթքի նյութական հզոր ուժը դեռ Աստվածաշնչում է արձանագրված:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3135

Մեկնաբանություններ